AM
22 April 2009 - 15:42 AMT

Հայտնի է դարձել «Փյունիկի» մրցակիցը Հայաստանի գավաթի մրցաշարի եզրափակչում

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի գավաթի երկրորդ պատասխան կիսաեզրափակիչ խաղը, որտեղ «Բանանցն» իր դաշտում ընդունել է Աշտարակի «Միկային»: Ի տարբերություն առաջին պատասխան կիսաեզրափակիչ հանդիպմանը, որտեղ «Փյունիկը» դաշտ դուրս եկավ արդեն գնդակների առավելությամբ, ապա «Բանանց»-«Միկա» խաղում ամեն ինչ որոշվում էր պատասխան խաղում, քանի որ առաջին խաղն ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով:

Խաղը հետաքրքիր ու գոլառատ ստացվեց: Հաշիվը բացեցին հյուրերը: 4-րդ րոպեին 11-մետրանոցում աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրո Կանոն: «Բանանցին», Հրանտ Գեւորգյանի ջանքերով, 18-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Սակայն «Միկային» ընդամենը 4 րոպե պահանջվեց, կրկին առաջ անցնելու համար: 22-րդ րոպեին աշտարակցիների հարձակվող Արամ Ոսկանյանը երկրորդ գոլը խփեց: «Բանանցը» կարող էր կրկին վերականգնել հաշիվը, սակայն Արսեն Բալաբեկայնը չկարողացավ խփել 11-մետրանոցը: Այնուամենայնիվ «Բանանցը» ընդմիջման գնաց հավասար հաշվով: Առաջին կիսաեզրափակչի լրացուցիչ 3-րդ րոպեին գոլ խփեց երեւանցիների կիսապաշտպան Էդուրարդ Կակոսյանը:

Երկրորդ կիսախաղը պակաս գոլառատ էր, սակայն արդյունավետ «Բանանցի» համար, որը, հարձակվող Նորայր Գյոզալյանի շնորհիվ հաղթեց 4:2 հաշվով: Գյոզալյանը սկզբից հաջող իրացրեց 11-մետրանոցը 76-րդ րոպեին, իսկ առաջին լրացուցիչ րոպեին հաղթական վերջակետ դրեց այս խաղում:

Խաղի վերջնական հաշիվն է 4:2 «Բանանցի» օգտին:

Այդպիսով, եզրափակիչ խաղում, որը տեղի կունենա մայիսի 9-ին, Հայաստանի գավաթը կխաղարկեն «Փյունիկն» ու «Բանանցը»: