ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման բանալին:
Նա նշել է, որ «առաջնահերթ խնդիրներից մեկը» Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումն է։ Նա հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է, ինչպես և գրանցված է համապատասխան եռակողմ հայտարարություններում, «համակողմանի աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը», գրում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նաև նշել է, որ երկու երկրի ղեկավարների միջև շարունակվում է «ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, այդ թվում խաղաղարար միջոցառումների շրջանակում, որոնք իրականացվում են ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով»։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։






