AM
20 Մարտ 2023 - 15:07 AMT

ՌԴ ԱԳ նախարար․ Բոլորը գիտեն՝ 2020-ի պատերազմում եղել է հնարավորություն՝ ավելի վաղ հասնելու հրադադարի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը, ասել է, որ պետք է կողմերի հաշտեցման, շահերի հավասարակշռման ուղիներ փնտրել։

Լավրովն այս համատեքստում նշել է, որ Ռուսաստանը հենց այդպիսի մոտեցում էր որդեգրել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, գրում է Aysor.am-ը։

«Հենց այդպես է վարվել Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020 թվականին կանգնեցրել է մարտական գործողությունները։ Կարելի է խորանալ պատմության մեջ, ես չեմ ուզում դա անել, բայց բոլորը գիտեն, որ եղել է հնարավորություն՝ ավելի վաղ հասնել հրադադարի հաստատման, քան դա, արդյունքում, տեղի է ունեցել, բայց դա ես թողնում եմ պատմաբաններին, թող նրանք ուսումնասիրեն՝ ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,- ասել է Լավրովը։

Նա վերահաստատել է նաև ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման ելակետ է համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների լիարժեք իրագործումը՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից։