AM
22 Մարտ 2023 - 14:03 AMT

Արցախի ՆԳՆ․ Ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի ՀՀ-ից Արցախ զինծառայողներ և զորք է տեղափոխվում։

Հայտարարության մեջ նշվում է, որ, հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով:

Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:

«Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը»,-ասվում է հայտարարության մեջ։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։