Մարտի 27-ին Եվրո-2024-ի ընտրական փուլում Սոլնում տեղի ունեցած Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները պարզել են «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը, ծածանել ՀՀ և Արցախի դրոշները, հայտնում է ՀՅԴ երիտասարդական թևի գրասենյակը:
Շվեդիան ջախջախել է Ադրբեջանին 5։0 հաշվով։
«Շվեդիայում հայ երիտասարդները Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ Արցախի դրոշներով ու պաստառով բողոքի ակցիա են իրականացրել։ Պաստառի վրա գրված է եղել, որ ահաբեկիչ ադրբեջանցիները կասեցնեն Արցախի ապօրինի շրջափակումը»,- ասվում է գրառման մեջ։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։