AM
29 Մարտ 2023 - 10:14 AMT

ՌԴ ԱԳՆ-ում հուսով են՝ ՀԱՊԿ-ի հետ ՀՀ փոխգործակցության հարցերը կառուցողական կլուծվեն

Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի մասին վնասակար քննարկումները կդադարեն, իսկ դրան առնչվող հարցերը կառուցողական հունով կլուծվեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հուսով ենք, որ վնասակար բանավեճերն այն մասին, թե «ով որտեղից է դուրս գալիս», կդադարեն և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ ՀՀ-ում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ հունով»,- ասել է նա RTVI-ին հարցազրույցում։

Գալուզինը նաև նշել է, որ հայկական կողմի բոլոր մտավախությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում առկա բոլոր ձևաչափերի շրջանակում՝ Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության գերագույն մարմինն է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կողմից հաստատում ենք հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագիրն իրականացնելու պատրաստակամությունը՝ ի շահ ՀՀ անվտանգության ապահովման, ինչպես նաև աջակցության այլ միջոցների, որոնք նշված են հանրապետությանն աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում»,- ասել է նա։

Ըստ Գալուզինի, ՀԱՊԿ-ում 2022-ին անդամ երկրների ղեկավարների կողմից կայացված որոշումների իրականացման ինտնեսիվ գործընթաց է գնում։

«Մարտահրավերներին հակազդելու և մեր հավաքական անվտանգության սպառնալիքները հետ մղելու առումով շատ բան է արվել ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության օրոք։ Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքներն անհնարին կլինեին առանց բոլոր անդամ պետությունների համակարգված և շահագրգիռ աշխատանքի»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն գործուղելու առաջարկը դեռևս ուժի մեջ է մնում։«Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ էր, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի»,-ասել էր նա։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։