AM
3 Ապրիլ 2023 - 14:46 AMT

Ապրիլի 3-ից Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրումը

Ապրիլի 3-ից Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում:

Իսկ Հանրապետության մյուս համայնքների բնակիչները կտրոնները կարող են ստանալ ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից:

Ներկայացվել է, թե կտրոնով որքան սննդամթերք կարելի է գնել։

Մեկնաբանություններում մարդիկ գրում են, որ կտրոններով հատկացվող սննդամթերքի քանակը նվազում է։ Օրինակ, օգտատերերից մեկը գրել է, որ նախկինում կտրոնով կարելի էր 10 ձու գնել, հիմա՝ 5:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։