AM
4 Ապրիլ 2023 - 11:19 AMT

Վարդանյան․ Եթե ցույց տանք, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, ՌԴ-ն ու միջազգային հանրությունը կանեն հնարավորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Տելեգրամի ալիքում հարցուպատասխանի ժամանակ, խոսելով ԱՀ ապագայի մասին, ասել է, որ եթե արցախցիները ցույց տան, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում, ապա ՌԴ-ն ու միջազգային հանրությունը կանեն հնարավորը։

Վարդանյանը արձագանքել է հետևորդներից մեկի հետևյալ հարցադրմանը՝ «այս իրավիճակում Արցախի ժողովուրդը կարո՞ղ է հույսը դնել ՌԴ խաղաղապահների վրա, և, եղած խախտումները հաշվի առնելով՝ ի՞նչ գնահատական կտաք խաղաղապահ առաքելությանը», հայտնում է «Առավոտը»։

«Այն իրավիճակը և պայմանները, որոնք հիմա մեր հետ կատարվում են, էթնիկ զտումներ են, և այստեղ ՌԴ-ի 2000 զինծառայողների և սպաների առկայությունն անվտանգության շատ կարևոր բաղադրիչ է․ այո, ոչ ամբողջական, և, ցավոք, սահմանափակումներով։

Նրանք սահմանափակ մանդատ և սպառազինություն ունեն, բայց ես համոզված եմ, որ շատ բան նաև մեզանից է կախված։ Եթե առավելագույնս միավորվենք և աշխարհին ցույց տանք, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ սեփական հողի վրա ապրելու համար, վստահ եմ՝ ՌԴ-ն ու միջազգային հանրությունը կանեն հնարավորինս, որպեսզի խաղաղապահներն ունենան երկարաժամկետ մանդատ, լուրջ սպառազինություն»,-ասել է նա։

Մեկ այլ հետևորդ հարցրել է․ «Եթե անկեղծ լինեք, ապա կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ն դատապարտված է ձուլվել տարածաշրջանի ավելի ուժեղ երկրներին՝ «բարեկամական» կամ ոչ բարեկամական»։

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․ «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրս մեծ ուժ ունենք և հնարավորություն՝ ազդելու նրա վրա, ինչ հիմա կատարվում է Արցախում, ՀՀ-ում, հայկական աշխարհում։ Յուրաքանչյուրն իր համար պետք է որոշի՝ հայրենիքի, հայկական արժեքների հարցը որքանո՞վ է կարևոր իր համար։ Եթե պատասխանը հաստատակամ է, ապա ամեն ինչ հեշտ է։ Անգամ քնի մեջ մարդը պետք է անի այն, ինչն օգնում է հայրենիքին ուժեղ լինել։ Դրա համար ամեն մեկս պետք է պատասխանենք հարցի՝ ի՞նչ է հայրենիքը և ինչի՞ եմ ես պատրաստ հանուն դրա»։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։