AM
7 Ապրիլ 2023 - 12:18 AMT

ԱՀ պետնախարար․ Ռուս խաղաղապահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում գնաճը կարգավորվում է

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով շրջափակաման պատճառով Արցախում մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճին, նշել է, որ ռուս խաղաղապահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում գնաճը սկսել է կարգավորվել։

«Այդ երևույթին վերջ տալու համար Արցախի կառավարությունը և իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք են կատարել, որին միացել են նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերը, այդ թվում նրանց կազմում ընդգրկված ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Այս առումով մեր համագործակցությունն արդեն բավականին արդյունքներ է ապահովել, համատեղ մշակվել և շարունակաբար մշակվում են հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու քայլերը:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ծառայողների ջանքերը, որոնք էականորեն նպաստեցին իրավիճակի համեմատական կարգավորմանը: Այս ուղղությամբ համատեղ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և տևելու են այնքան ժամանակ, մինչև մեզանում ամբողջությամբ արմատախիլ արվի այդ արատավոր երևույթը», – գրել է պետնախարարը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։