Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատասխանել է արցախցի մայրերի նամակին, որը նրան էր փոխանցվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի միջոցով, տեղեկացնում է Aravot.am-ը։
Փետրվարի 1-ին հղած նամակով արցախցի մայրերը հիշեցնում էին, որ Արցախը 2022-ի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է, ցրտաշունչ ձմռանը Արցախի 120,000 բնակչի, այդ թվում՝ 30,000 երեխայի կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները ոտնահարվում են: Արցախցի մայրերը խնդրում էին կանգնեցնել այս տեռորը, թույլ չտալ Ադրբեջանին գերի պահել 30 հազար հայ երեխաներին ու չդառնալ Ադրբեջանի հանցակիցը:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը նաև 7 երեխաների մայր է, շնորհակալություն է հայտնում ԼՂ կանանց նամակի համար և նշել, որ ԵՄ-ն շարունակում է իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մոբիլիզացումը և բազմաթիվ կոչեր է հասցեագրել Ադրբեջանին և մյուս ներգրավված կողմերին՝ ձեռնարկելու իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով ազատ և անկաշկանդ տեղաշարժը, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
ԵՄ պատվիրակությունից Aravot.am-ին փոխանցված Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի պատասխանում ասվում է․ «Շնորհակալ եմ Ձեր բաց նամակի համար, որը ստացել եմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջոցով։ Եվրոպական միությունը խիստ մտահոգված է՝ հետևելով Լաչինի միջանցքի շուրջ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից ի վեր տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքի երկայնքով լուրջ պատուհաս են տեղացի բնակչության համար եւ ստեղծում են մարդասիրական բնույթի մտահոգություններ։
Հավատացած եղեք, որ Եվրոպական միությունը շարունակում է իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մոբիլիզացումը և բազմաթիվ կոչեր է հասցեագրել Ադրբեջանին և մյուս ներգրավված կողմերին՝ ձեռնարկելու իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով ազատ եւ անկաշկանդ տեղաշարժը, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։ Այդ նպատակով Եվրոպական միությունը կանոնավոր կերպով տարբեր մակարդակներում ներգրավված է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ։
Եվրոպական միությունն ավելի է խորացրել Հայաստանի հետ իր ներգրավվածությունը վերջերս մեկնարկված լիարժեք ԸԱՊՔ քաղաքացիական առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելության) ծավալման միջոցով, որը լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին մեր շարունակական աջակցության հստակ վկայությունն է, ինչպես նաեւ հանձնառությունը՝ երկու կողմերի հետ սերտ աշխատելու՝ ի նպաստ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման վերջնանպատակի»:
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։