Ադրբեջանում ևս 4 մարդ է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով։ ԻԻՀ հատուկ ծառայությունների հետ գործակցության մեջ կասկածվում են շեյխ Ալադդին Իբրահիմովը, Քերբելայ Յուսիֆը, Արիֆ Ֆաթալիևը և Էլսեվեր Իսաևը, գրում է Haqqin.az-ը։
Արիֆ Ֆաթալիևը և Էլսեվեր Իսաևը 2012-ին դատապարտվել էին «հիջաբ կրելու արգելքի դեմ» բողոքի ակցիայի ժամանակ օրենքը խախտելու մեղադրանքով։
Մի քանի օր առաջ Ադրբեջանում 6 անձ էր ձերբակալվել, որոնք «ծրագրում էին զինված անկարգություններ կազմակերպել»։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, թե «բացահայտվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախթիյար Բայրամովը համագործակցության մեջ են ներգրավել Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և նրան հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ և նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և դժգոհություն հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ «Թեհրանի սադրիչ գործունեության կապակցությամբ»։ Թեհրանը բարիդրացիության սկզբունքների խախտում է անվանել Ադրբեջանից իրանցի դիվանագետների արտաքսումը։