Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի հետ համատեղ ասուլիսում սպառնալիքների և մեղադրանքների տարափ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Անդրադառնալով ապրիլի 11-ին ՀՀ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ՝ Բայրամովը «սադրանքների» համար մեղադրել է Հայաստանին՝ նշելով, թե «պատահական չէ» Հատուկ նշանակության կորպուսի հրամանատարի և նրա տեղակալի ներկայությունն այդ վայրում, գրում է Haqqin.az-ը։
Ըստ Բայրամովի, «սադրիչ են» նաև հայկական կողմի շինաշխատանքները, քանի որ դրանք «կարող են ընկալվել որպես խոչընդոտ ազատագրված տարածքներ ադրբեջանցիների վերադարձի համար»։
«Հայաստանը պետք է զերծ մնա այդպիսի վտանգավոր և սադրիչ քայլերից, որոնց հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար, ինչպես երեկ»,-ասել է նա։
Բայրամովը նաև ասել է, թե «անընդունելի է Հայաստանի միջամտությունը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին»։
Նա նաև խոսել է «ականների վտանգի» մասին և ասել, թե «Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատման քարտեզները»։
Բայրամովը նաև մեղադրել է ՀՀ-ին 2022-ի դեկտեմբերից «Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում ուղիղ շփումների դադարեցման մեջ»։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։






