AM
13 Ապրիլ 2023 - 07:02 AMT

Ֆրանսիայի ԱԳՆ․ Ադրբեջանական ուժերի դուրսբերումը հայկական կողմի օկուպացված դիրքերից էական է

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Տեղ գյուղի մոտ միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ «հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն էական նշանակություն ունի ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:

Ֆրանսիան հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և Կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղությունը պահպանելու համար։

Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունը բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին, ինչը կենտրոնական դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան կշարունակի գործել Եվրոպական Միության կողքին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,-ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։