Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը վրդովված է 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի (ICJ)՝ ժամանակավոր միջոցների վերաբերյալ պարտավորեցնող որոշման նկատմամբ Ադրբեջանի աղաղակող արհամարհալից վերաբերմունքից. որոշումը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին ասվում է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանը չի կատարել Դատարանի որոշումը, չնայած այն հանգամանքին, որ ընդունել է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ 2021թ. գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) ՄՔԴ իրավասությունը և 1996թ. ի վեր հանդիսանում է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կողմ, գրում է «Առավոտը»։
«Լեմկինի ինստիտուտը նաև հավասարապես մտահոգված է, որ միջազգային հանրությունը չի կարողանում աջակցություն ցուցաբերել կենսունակ մեխանիզմներով ՄՔԴ-ի որոշումները պարտադրելու հարցում: Միջազգային իրավունքի կամավոր բնույթն այն դարձնում է անկարողունակ, երբ որևէ պետություն որոշում է չկատարել միջազգային տրիբունալների որոշումները: Լեմկինի ինստիտուտը խստորեն հանդես է գալիս այդ որոշումների իրականացման համար ավելի ուժգին մեխանիզմներ գործարկելու օգտին և կարծում է, որ դա բխում է բոլոր պետությունների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինստիտուտում կարծում են, որ միջազգային հանրությունը շատ քիչ ջանքեր է գործադրել՝ ստիպելու Ադրբեջանին ՄՔԴ որոշումից հետո մեկ ամսվա ընթացքում վերացնել շրջափակումը:
«Ամենակարևոր հայտարարությունն արեց ՆԱՏՕ-ի նախորդ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն իր անհանգստությունն արտահայտեց շարունակվող շրջափակման կապակցությամբ և նախազգուշացրեց «մարդասիրական աղետի» մասին, բայց այլ բան չառաջարկեց: ԵՄ միջազգային առաքելությունը, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի մոնիտորինգի համար… նույնպես մինչ այժմ ապացուցել է, որ ի վիճակի չէ արդյունավետ կերպով փոխել իրավիճակը, և հրապարակել է միայն հայտարարություններ, թե իրենք իրենց բացահայտումների մասին կզեկուցեն Բրյուսելին։ Հարավային Կովկասում ԵՄ բանագնաց Տոյվո Կլաարը շարունակում է իր ամոթալի ջանքերը՝ երկու կողմերին ուղղված կոչերով»,- ասվում է հայտարարության մեջ։
Լեմկինի ինստիտուտը միջազգային քաղաքականություն մշակողների ուշադրությունն է հրավիրել այլ գործերում այն հետևանքների վրա, որ կարող է ունենալ Ադրբեջանի կողմից միջազգային տրիբունալի որոշումը չկատարելը:
«Ցանկացած պետություն, որը չի կատարում ՄՔԴ և որևէ այլ միջազգային դատարանի որոշումը…խարխլում և տապալում է միջազգային հանրության նպատակներն ու հիմնական սկզբունքները: Եթե Ադրբեջանը հաջողությամբ խուսափի ՄՔԴ հրամանները չկատարելուց, դա սարսափելի նախադեպ է ստեղծում և միջազգային մարմիններն անօգուտ է դարձնում հետագա գործընթացներում: Ավելին, Ադրբեջանի խախտումների անտեսումը միայն ավելի մեծ բռնություն է առաջացնում։ Միջազգային հանրությունը սպառնում է կործանել վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ, եթե շարունակի աչք փակել Ադրբեջանի՝ որոշումները չկատարելու վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։