AM
13 April 2023 - 13:29 AMT

ԵԱ օրերին մուտքը Համալիր կլինի միայն աստիճանների հատվածից, հսկիչ կետերում այցելուների կզննեն

Ապրիլի 14-23-ը Երևանում անցկացվելիք ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։

Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն և նշված առարկաները հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են, հայտնում է ոստիկանությունը։

Ապրիլի 14-ին տրանսպորտային միջոցների մուտքը Մարզահամերգային համալիր թույլատրվելու է հատուկ անցագրերով, իսկ քաղաքացիները կարող են այցելել միայն կենտրոնական մուտքով՝ աստիճանների հատվածից։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում պահպանել հասարակական կարգն ու համակեցության կանոնները։

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցի մոտ 40 երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից, 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: