AM
13 Ապրիլ 2023 - 14:48 AMT

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ է ստեղծվել

Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ է ստեղծվել, հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիրը։

Արայիկ Հարությունյանը նաև խորհրդակցություն է հրավիրել ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը: Երկրի ղեկավարը մի շարք նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել դրանք հետևողական կերպով իրականացնելու կարևորությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։