AM
18 Ապրիլ 2023 - 09:54 AMT

Արցախի ԱԳ նախարարն ու բարերար Աստվածատուրյան-Թերքոթը քննարկել են ԼՂ հումանիտար խնդիրները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

Զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերի և Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի համար։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։