Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։
«Հայաստանը, որը ժամանակին ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է և վե՛րջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։ Հայաստանը, որ հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։
Նա հավելել է, որ վերջին 2 տարում հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում փոփոխվել է։
Ալիևն ասել է, որ «Հայաստանը սկզբունքորեն համաձայն է ադրբեջանական մոտեցմանը»։
«Ուրիշ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով է Հայաստանը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Պրահայի և Սոչիի հանդիպումներում՝ 2022-ի հոկտեմբերին։ Այսինքն՝ համաձայնել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991թ․ Ալմաթիի հռչկագրի հիման վրա»,-ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Բաքուն նույնը կանի` Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»։ Նա հավելել է, որ հայկական կողմն առաջարկել է, որ խաղաղության պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ–ների, ԽՍՀՄ կողմից պատրաստված քարտեզները որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք։






