AM
19 April 2023 - 11:46 AMT

Պեսկով․ Եռակողմ հայտարարությունները կարգավորման միակ իրական հիմքն են

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են և դրանք պետք է իրականացնել։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլերը, որոնք կարող են հանգեցնել լարվածության թուլացմանը և կնպաստեն ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան ինչ-որ կերպ մասնակցելու է հակամարտության կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այս եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, ուստի կարծում ենք, որ առաջխաղացումը բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ, չունի այլընտրանք և անհրաժեշտ է բոլորին»,-ասել է նա։

Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։ Նա նաև կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս և որ «պետք է առերեսվել այս իրողության հետ»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 18-ի իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»: