AM
19 April 2023 - 11:47 AMT

ԿԽՄԿ միջնորդությամբ 11 անձ է Արցախից ՀՀ տեղափոխվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ապրիլի 19-ին 11 անձ է տեղափոխվել Հայաստան։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող հիվանդները տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու համար ՀՀ ուղեգրված 10 բուժառու ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 337 հիվանդ։