AM
20 April 2023 - 08:16 AMT

Արցախի ԱԳ նախարար․ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն Արցախպրեսին հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»:

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։

Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։

Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների»,-ասել է նա։

Նախարարը նշել է նաև, որ շարունակվող շրջափակման, Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումն Ադրբեջանի ղեկավարության կողմից բացահայտ փորձ է միջազգային հանրությունից ստանալ քարտ-բլանշ Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար։

«Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց»,-ասել է նա։

Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։ Նա նաև կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս և որ «պետք է առերեսվել այս իրողության հետ»։