AM
20 April 2023 - 09:01 AMT

Բաբայան․ Դեմ չենք, որ Երևանն ու Բաքուն հարաբերությունները կարգավորեն, բայց ոչ Արցախի լինելիության հաշվին

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարևոր է, բայց դա չի կարող լինել Արցախի լինելիության հաշվին։

«Այսինքն՝ դրա գինը չի կարող լինել Արցախը»,- ասել է նա՝ շեշտելով, որ Արցախը չի կարող մանրադրամ դառնալ՝ հայ–ադրբեջանական հարաբերությունները բարելավելու գործընթացում, որովհետև դա բերելու է կատաստրոֆայի, հայտնում է «Փաստինֆոն»։

«Պաշտոնական Ստեփանակերտը, իհարկե, դեմ չէ, որպեսզի Երևանն ու Բաքուն իրենց հարաբերությունները կարգավորեն։ Սակայն, եթե ոմանց թվում է, թե դա կարող է լինել ի հաշիվ Արցախի, ապա սխալվում են։ Դրա գինը, ի վերջո, լինելու է ամբողջ հայության, այսինքն՝ Հայաստանի և Արցախի գոյությունը։ Կա՞ որևէ մեկը, ով պատկերացնում է մի իրավիճակ, մի ապագա կամ մի քարտեզ, որի վրա չեն լինելու Հայաստանն ու Արցախը, որովհետև, անմիջապես այն պահից հետո, երբ Արցախը սակարկված կլինի, ամենակարճ ժամանակում չի լինի նաև Հայաստանը։ Սա, ուղղակի, անհերքելի իրողություն է, որի հետ հաշվի չնստելը, նորից եմ կրկնում, կհանգեցնի անվերադարձ և անշտկելի կատաստրոֆայի»,-ասել է նա։

Բաբայանը հավելել է, որ Արցախն ունի իր անփոփոխ և անսասան դիրքորոշումը՝ դա ժողովրդի, հանրության, այդ թվում՝ Արցախի իշխանությունների դիրքորոշումն է, որը շատ հստակ է։

«Նախ և առաջ, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինելու։ Այո՛, եղել է բռնակցված, բայց դա Խորհրդային միության տարիներին էր, երբ մենք Խորհրդային միության մաս էինք կազմում»,- նկատել է նա։

Անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքն ադրբեջանական կողմի հետ վարած բանակցությունների վերաբերյալ ոչինչ չի թաքցրել Արցախի իշխանությւոններից, ավելին՝ ամեն բան համաձայնեցրել է նաև արցախյան կողմի հետ՝ Դավիթ Բաբայանն ասել է չգիտի, թե նա ում հետ և ինչ է խոսել։

«Այո, ես Արցախում զբաղեցրել և շարունակում եմ զբաղեցնել բարձր պաշտոններ։ Այո, պատերազմից հետո ես եղել եմ Արցախի Արտաքին գործոց նախարարը, հիմա էլ՝ նախագահի խորհրդականն եմ, սակայն, ինձ ոչ ոք, երբեք չի ասել, որ Արցախը հանձնում են։ Եթե, անգամ, որևէ մեկն ինձ նման բան ասեր՝ ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կլիներ իմ պատասխանը…»,- ասել է նա։

Բաբայանը հավելել է, որ Արցախը չպետք է դառնա շահարկումների թեմա, որովհետև բազմաթիվ ուժեր հենց դրան են սպասում։

Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։ Նա նաև կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս և որ «պետք է առերեսվել այս իրողության հետ»։