«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ասել է, որ Ադրբեջանի հետ ինտեգրման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։
«Ադրբեջանի նախագահն ինչ ուզում է՝ ասի, բայց մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք անկախ՝ հռչակագրի ու ժողովրդի ընտրած ճանապարհով, պաշտպանելու ենք մեր երկիրը։ Ալիևը պետք է լուրջ նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ ես հրավիրում եմ Բաքու։ Բայց քանի որ նա դեռևս խորը չի գիտակցում Արցախը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերվում»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն անկեղծ չէ, պետք է հստակեցնել բանակցային թեման, գրում է «Հայկական ժամանակը»։
Նա հայտնել է, թե առաջարկել էր, որպեսզի արցախյան կողմը ձևակերպի կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչելու երկու կողմին, դրանից հետո լսել ադրբեջանցիներին, եթե նրանք կընդունեն այդ կետերը, նոր խոսեն այլ հարցերի շուրջ։
«Ադրբեջանը վերջից է սկսել խոսել, առանց փոխվստահություն ձեռք բերելու, ասում է՝ պետք է անեք այս, կամ այն բանը։ Արցախի հետ վերջնագրով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի, որ սկսեն փոխվստահությունից։ Արցախի ժողովուրդը 1991 թվականին հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել ու որևէ մեկին չի տվել լիազորություն, որ այդ մեկը իրավունք ունենա գնա բանակցի այլ կոնտեքստում։
Ժողովրդից է պետք մանդատ ստանալ, եթե ժողովուրդը ասի՝ գնաб բանակցի Ադրբեջանի հետ ինտեգրացման, նոր կգնաս կանես։ Եթե ոչ, ապա պարտադիր ես դուրս չգալ Արցախի անկախության հռչակագրի սահմաններից։ Ադրբեջանի հետ ինտեգրման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Արցախի միակ կարգավիճակը անկախությունն է։ Եթե անգամ այլ կարգավիճակ պետք է ստանանք, դրա համար պետք է հանրաքվե անցկացնել Արցախում, ստանալ մանդատ, նոր միայն գնալ բանակցությունների։ Պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ թե, որ Ադրբեջանը ուժեղ է եղել»,- նշել է Բաբայանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»: