AM
20 April 2023 - 11:32 AMT

Բաբայան. Մեր նպատակն է հանրաքվեով ճնշել նախագահին և ստանալ պետնախարարի պաշտոնը

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Հարցազրույց» հաղորդման ժամին տեսակապով Արցախից հայտարարել է, որ իր գլխավորած ուժի նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը։

«Արցախում սոցիալական վիճակը կհամարեի վատ, ոչ կազմակերպված և մենք պարտավոր ենք արագ կազմակերպվել: Ասացի, որ իմ հանդիպման ժամանակ բարձրացրած ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի նախագահը կարողանար իր մեջ ուժ գտներ և մեզ նշանակեր պետնախարար»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ Արցախում իրավիճակը կարգավորելու համար 5 կետից բաղկացած առաջարկներ ունեն և եթե պետնախարար նշանակվի, դրանք արագ կիրագործեն և հասարակությանը շոկից կհանեն:

Բաբայանը հավաստիացրել է, որ երբ իր առաջարկած 5 կետն իրագործվի, Լաչինի միջանցքը բացվելուց հետո արտագաղթ չի լինի:

«Մեր նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը և 5 քայլերը կատարել, փորձել պաշտպանությունը ստեղծել և Ադրբեջանի հետ հավասարը հավասարի հետ նստել բանակցել»,-հայտարարել է Բաբայանը:

Բաբայանը , մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, նաև ասել է, որ Ադրբեջանի հետ ինտեգրման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»: