AM
26 April 2023 - 06:50 AMT

Դե Վաալ. ՌԴ-ի անգործությունը գլխավոր հանելուկն է` ռուսական խաղաղապահ առաքելությունը կորցնում է իմաստը

Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում․ էթնիկ զտման քաղաքականության նոր քայլերը» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ իր համար գլխավոր հանելուկը Ռուսաստանի անգործությունն է։

«Ինչո՞ւ է Ռուսաստանը փաստացի անգործության մատնված այս իրավիճակում։ Նման քայլերի պատճառով ռուսական խաղաղապահ առաքելությունը կորցնում է իմաստը, եթե ազատ կապ չկա Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Ինձ համար դա գլխավոր հարցն է»,- նշել է նա, հայտնում է Factor.am-ը։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ըստ Դե Վաալի, արևմտյան խաղացողներն ազդեցության որևէ լծակ չունեն Արցախի հարցում։

Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։