Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:
«Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա, հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին, լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ:
Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունն ու ըմբռնումը՝ նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալի պարենը նշված ժամկետում չմատակարարելու համար, ինչը պայմանավորված է անգամ հումանիտար բեռների փոխադրման հանդեպ ադրբեջանական կողմի հարուցած լրջագույն խոչընդոտներով»,-ասվում է շտաբի հայտարարության մեջ։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։