ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը պատրաստ է դիմագրավել Ադրբեջանի ագրեսիաներին, և ակնկալում է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ կերպ հրապարակային չկրկնի Բաքվի թեզերը և չվնասի երկարաժամկետ պայքարին՝ ինքնորոշման իրավուքի մասով, և որևէ մեկը չասի որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում կամ այդ երկրի տարածքային ամբողջականության մեջ է մտնում: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում։
Նա հավելել է, որ Արցախի կորուստն ուղղակի նշանակելու է «դուռ բացել` հաջորդ կորուստների համար, և ոչ մի երաշխիք երբևէ չենք ունենա»։
«Սա և իրավական և դիվանագիտական տեսանկյունից բավականին մեծ ռիսկեր ու վտանգներ է պարունակում երկարաժամկետ ինքնորոշման իրավունքի պաշտպանության և ճանաչման պայքարում», – ասել է Արտակ Բեգլարյանը
Նա հավելել է, որ Հայաստանից ակնկալում են բոլոր հնարավոր ձևերով աջակցություն Արցախին։
«Արցախը հնարավորինս անելու է ամեն ինչ դիմագրավելու համար, բայց երկարաժամկետ դիմագրավել հանարավոր չէ այս պայմաններում, երբ Արցախը շրջափակման պայմաններում արտաքին աշխարհից և բոլոր նյութատեխնիկական հնարավորություններից կտրված է։ Այսպիսի սպառազինության և քանակական լայն տարբերության պայմաններում բնականաբար հնարավոր չէ երկարաժամկետ պատերազմ մղել։ Ամեն դեպքում մենք կամքի տեսանկյունից պատրաստ են լրացուցիչ ագրեսիաների դիմակայել, հույս ունենք, որ ըստ կարիքի միջազգային հանրությունը, խաղաղապահներն ու ամբողջ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, բոլոր ձևերով մեր կողքին կանգնելու են նախ կանխելու պատերազմը, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ աջակցելու պատշաճ քաղաքական, ռազմական, դիվանագիտական և այլ գործիքակազմերով», – ասել է Արտակ Բեգլարյանը:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։