AM
3 May 2023 - 11:22 AMT

Ալիև․ Հայկական կողմի առաջարկներում «կրկին ու կրկին տարածքային նկրտումներ են Ադրբեջանի հանդեպ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում միջազգային կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի 4 տարբերակ է ուղարկել և Երևանից իր վերջին առաջարկների պատասխանին սպասել է «ավելի քան 40 օր» և ստացել է դրանք ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ։

Ալիևն ասել է, թե հայերը հասկանում էին, որ առանց դրա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում «բացարձակապես անօգուտ կլիներ»։ Նա ասել է, որ հայկական կողմի այդ պատասխանում ադրբեջանական կողմը «կրկին ու կրկին տարածքային նկրտումներ է տեսել Ադրբեջանի հանդեպ»,-գրում է Interfax.az-ը։

Նա հավելել է, որ «գոյություն չունեցող ասյպես կոչված ԼՂՀ-ն խաղաղության պայմանագրի տեքստում ընդգրկելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է»։

Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում ընթացող բանակցություններն առաջընթաց կգրանցեն Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում։

«Հուսով եմ, որ Վաշինգտոնում ընթացող բանակցությունները եթե ոչ արդյունք, գոնե ինչ-որ տեսանելի առաջընթաց կգրանցեն»,-ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ասել է նաև, որ «եթե ՀՀ-ն կառուցողական մոտեցում չցուցաբերի, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղություն և գործակցություն չի լինի»։ Ըստ նրա, այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի իր տեղը փնտրել «նոր աշխարհաքաղաքական կառուցվածքում, քանի որ ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, փոխվել է», որտեղ Ադրբեջանն ունի իր տեղը, իսկ Հայաստանի համար «դա մեծ մարտահրավեր է լինելու»։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը քննարկվել են անվտանգային իրավիճակի, ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: