AM
24 June 2002 - 17:21 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՎԵԼ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԹՈՒՐՔ ՄԵՍԽԵԹՆԵՐԻՆ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ, ՀԱՅՏՆԵԼ Է ՎՐԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ

Վրաստանը երբեք չի պարտավորվել թուրք մեսխեթներին վերադարձնել հայերով բնակեցված վայրերը: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանը հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Գիվի Շուգարովը: Նրա խոսքերով` 40-ական թվականներին Ախալքալակի շրջանից վտարվել է ընդամենը 44 ընտանիք: Այնպես որ, նրա խոսքերով, երբ խոսքը գնում է թուրք մեսխեթների Վրաստան վերադարձի մասին, հայաբնակ շրջաններին դա չի վերաբերում: «Բացի այդ, մենք հրաշալի հասկանում ենք, որ թուրք մեսխեթների բնակեցումը հայաբնակ վայրերում կարող է որոշակի կերպով փոխել տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը: Դա հարց է, որը հուզում է Հայաստանին, եւ մենք վերաբերվում ենք դրան ըմբռնումով»,- հայտարարել է Գիվի Շուգարովը: Նրա խոսքերով` պաշտոնական Թբիլիսիի ցանկացած գործողություններ կհարմարեցվեն հարեւան պետությունների շահերին, եւ Վրաստանը երբեք չի ընդունի Հայաստանին վնասող արտաքին քաղաքական որոշումներ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: