AM
6 May 2023 - 08:44 AMT

ՌԴ խաղաղապահների միջոցով սնունդ ու դեղորայք է ուղարկվել կրկնակի շրջափակման մեջ հայտնված Արցախի գյուղեր

Մայիսի 5-ին ՌԴ խաղաղապահների միջոցով որոշ քանակությամբ սնունդ ու դեղորայք է ուղարկվել կրկնակի արգելափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի 4 գյուղի բնակչությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արացախի հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման մեջ՝ զրկված թե Արցախի մնացած հատվածի և թե Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից:

«Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:

Այսօր վերջապես կարողացել ենք ԱՀ կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին:

Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով:

Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով: Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: