Արցախի Ազգային ժողովի մայիսի 18-ի հերթական նիստում քննարկվել և ընդունվել է Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համաներման մասին» օրենքի նախագիծը:
«Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում, հայտնում է Արցախպրեսը։
Հիմնական զեկուցող ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախը ՀՀ հետ կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները:
Միրզոյանը տեղեկացրել է, որ Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կլուծվի Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Խորհրդարանը միաձայն հավանություն է տվել «Համաներման մասին» օրենքի նախագծին: