AM
19 May 2023 - 11:23 AMT

USAID-ի ղեկավարը կոչ է արել ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ, USAID) ղեկավար Սամանթա Փաուերը կոչ է արել ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գոյություն ունենա բացառապես հումանիտար շարասյունների շնորհիվ:

«Մինչև անցած տարվա վերջ այնտեղ ազատ երթևեկություն կար։ Ուստի, Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի բացումը պարտադիր է»,- նշել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ:

Ի պատասխան՝ Փաուերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկու առաքելություն է ուղարկել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար, և հավելել, որ Արցախ օգնություն ուղարկելու համար սահմանափակ հնարավորություններ կան՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: