AM
19 May 2023 - 15:00 AMT

Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին․ Հայաստանն արագընթաց տեմպերով զինվում է, ինչը «նոր սպառնալիքներ է ստեղծում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանն արագընթաց տեմպերով զինվում է, ինչը «նոր սպառնալիքներ է ստեղծում»։

«Այսօր Հայաստանում կրկին գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը և շարունակվում են Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումները»,-ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա նաև ասել է, թե Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարների զենք է գնում։

«Եթե Հայաստանն իրականում խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք է գնում»,-ասել է Ալիևը, որը վերջերս է հայտարարել է ռազմական ծախսերի ավելացման մասին։

Մայիսի 10-ին Ալիևը հայտարարել էր, որ 2023-ի պետբյուջեի պարամետրերի վերանայման ընթացքում ռազմական ոլորտին հատկացվող ֆինանսավորումը կավելացվի։ 2023-ի պետբյուջեով պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների համար նախատեսված է 5․3 մլրդ մանաթ՝ ավելի քան $3․1 մլրդ, կամ բյուջեի ծախսային մասին 16 տոկոսը։