Ադրբեջանի կողմից Արցախի արդեն 158 օր շարունակվող շրջափակամն հետևանքով Սարսանգի ջրամբարը կանգնած է լուրջ բնապահպանական խնդիրների առաջ՝ դա դրսևորվում է միկրոկլիմայի կտրուկ փոփոխությամբ, աղբյուրների ցամաքմամբ և բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով, հայտնում է Արցախի բնապահպանության կոմիտեն։
Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել էլեկտրաէներգիայի արտադրության միայն ներքին ենթակառուցվածքը, որի հզորության մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:
«Եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով այլ հիմնախնդիրների սրման և ամբողջական հումանիտար ու բնապահպանական աղետի»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը և դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:
Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաև ստորերկրյա ջրերի սնուցումը և դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը և գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:
Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաև ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:
«Հանրապետության Էլեկտրաէներգիայի մատակարարման նպատակով վերջին ամիսներին Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի արդյունքում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ, ինչի պատճառով մակարդակն իջել է շուրջ 33 մետրով: Մայիսի սկզբի դրությամբ՝ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 միլիոն մ3 (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շմոտ 70 միլիոն մ3: Թեև վերջին օրերին արձանագրված մեծածավալ տեղումների արդյունքում մի քանի միլիոն մ3-ով վերականգնվել են ջրամբարի պաշարները, սակայն դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, և սեղմ ժամկետում, տեղումների նվազմամբ պայմանավորված, ջրի մակարդակը սկսելու է կրկին իջնել»,-ասվում է հայտարարության մեջ:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: