Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը hրապարակել է Արցախում միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները։
Օրինակ 1 կգ կարտոֆիլի գինը չի կարող գերազանցել 350 դրամը, թարմ կարտոֆիլի դեպքում՝ 900 դրամը։ Տեղականի առավելագույն գինը սահմանված է 1200 դրամ։
Նշվում է, որ Արցախում մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունն ապահովելու և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հանձնաժողովը պարբերաբար կհրապարակի մի շարք լայն սպառման ապրանքատեսակների հաստատված մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: