Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին, որտեղ նա ասել է, թե ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։
Անդրադառնալով պաշտոնական Երևանի դիրքորոշմանը՝ Վարդանյանը նշել է, որ շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմագոգիան այլևս հնարավոր չէ։
Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ արցախցիները պայքարելու են մինչև վերջ։
«Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմագոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։
Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում։
Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես»,-գրել է Վարդանյանը։
Ալիևն իր ելույթում ասել է․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։