AM
29 May 2023 - 10:42 AMT

ԱՀ պետնախարար․ Գտնվում են սրիկաներ, որոնք փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում է հումանիտար ճանապարհով Արցախ տեղափոխվող դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ամեն կիլոգրամը, գտնվում են տականքներ ու սրիկաներ, որոնք փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և դեղի ու այլ ապրանքների փոխարեն փորձում են «Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ»:

Նա հավելել է, որ նման դեպքերի մեծամասնությունը կանխվում է տարբեր միջոցառումներով, որից հերթականը ներկայացվել է տեսանյութով։

«Այս հակաբարոյական ծրագրի խափանումից հետո վաղը կմեկնարկի իմ ու կառավարության հասցեին զրպարտանքների ու վիրավորանքների հերթական տարափը, բայց ուզում եմ հիասթափեցնել, այդ ամենը կառավարության մոտեցումներին չի ազդելու»,-ասվում է գրառման մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել միջանցքը, սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է նաև Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։