Բաքուն դժգոհություն է հայտնել Քիշնևում կայացած 5-ակողմ հանդիպման վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հայտարարությունից։ Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Նա ասել է, թե այդ հայտարարությունը «դրական նպաստ չի բերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», գրում է Haqqin.az-ը։
Հաջիզադեն ասել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և հնգակողմ հանդիպման ավարտին հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը, ավանդաբար, ներկայացրել է Միշելը, որպես բրյուսելյան ձևաչափի կազմակերպիչ։
«Միակողմանի կարգով արված Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարությունը հանդիպման մասին ոչ թե արտացոլում է, այլ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումները։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին անգամը չէ և դրական նպաստ չի բերում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է Հաջիզադեն։
Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել հունիսի 1-ին Քիշնևում կայացած 5-ակողմ հանդիպումից հետո՝ նշելով, որ եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը։ Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ամբողջ բնակչության` խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»:
Նշվել է նաև, որ կողմերը վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը: