AM
5 June 2023 - 14:29 AMT

Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին. Իսկ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անհասկանալի է համարել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ իրենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չեն ստացել նրա ապագայի շուրջ բանակցելու համար։ Այդ մասին նա ասել է Aysor.am-ի հետ զրույցում։

«Ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ իրենք մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու։ Դա գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, դա գրված է ՔՊ կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճնաչեն Արդբեջանի կազմում»,-ասել է Բաբայանը։

Նա նշել է, որ եթե կան այդպիսի փաստաթղթեր, ապա նրանք պարտավոր են առաջին հերթին հետևել ՀՀ Սահմանադրությանը, իսկ այնտեղ հստակ գրված է, թե Արցախն ինչ պետք է լինի։

«Հետևաբար, այդ մանդատով վերցրած պարտավորությունները պարտավոր են կատարել, եթե չեն ուզում՝ այլ հարց է։ Բայց նորից եմ կրկնում՝ առանց Արցախի չի լինելու հայոց պետականություն, թող որևէ մեկը կասկած չունենա։ Արցախից որևէ մեկը մանդատ չի տվել Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս»,-ասել է նա։

Աժ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չեն ստացել նրանց ապագան բանակցելու։

«Ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև ու կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»։