Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության հիմնադիր և անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին։ Նա 86 տարեկան էր։ Նրա մահվան մասին հայտնել է Corriere della Sera-ն։
Ապրիլի սկզբին նա հոսպիտալացվել էր թոքաբորբով՝ պարզվել էր, որ քաղաքական գործիչը տառապում էր քրոնիկ միելոմոնիցիտար լեյկոզով, որի ֆոնին էլ թոքաբորբը զարգացել էր, գրում է ՏԱՍՍ-ը։
Բեռլուսկոնին քիմիաթերապիա էր ստանում։ «ՍանՌաֆաել» հիվանդանոցում նա մեկ ամսից ավելի էր անցկացրել և կրկին հոսպիտալացվել էր հունիսի 9-ին։
Բեռլուսկոնին 4 անգամ է զբաղեցրել վարչապետի պաշտոնը (1994–1995, 2001–2005, 2005–2006, 2008–2011թթ․) և ռեկորդակիր էր այդ պաշտոնը զբաղեցնելու տևողության առումով։ Նա նաև առաջին մուլտիմիլիարդատերն էր, որը եվրոպական երկրի կառավարություն գլխավորեց։ 1986-2016թթ․ Բեռլուսկոնին «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն էր։ Forbes-ի ցուցակում նրա լավագույն հորիզոնականը եղել է 25-րդը՝ 2005 թվականին 12 մլրդ դոլարով։