AM
14 June 2023 - 08:07 AMT

ԵՄ դիվղեկավար․ Լաչինում անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը հակասում է վստահության ամրապնդման ջանքերին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը իսկապես հակասում է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Նա այդ մասին ասել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին Եվրախորհրդարանի լսումներում։

Բորելը նշել է, որ այդ տարածքը դուրս է մնում ԵՄ առաքելության պատասխանատվության գոտուց, հայտնում է «Առավոտը»։

«Բայց մենք այս պահին փորձում ենք ինչ-որ լուծում գտնել կոնկրետ այս հարցին. մի՛ ասեք, որ ոչինչ չենք անում։ Ընդամենը մի քանի օր առաջ կարևոր հանդիպում է եղել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մոլդովայում ԵՄ խորհրդի նախագահի հետ։ Հուլիսին Բրյուսելում ևս մեկ հանդիպում կլինի։ Այլ կերպ ասած՝ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք անել դիվանագիտական ճակատում»,- ասել է Բորելը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված անցակետին՝ Բորելն ասել է, որ բոլոր ճնշումները գործադրվել են Միավորված ազգերի կազմակերպության խողովակով, որպեսզի շրջափակում չլինի, և մարդիկ ու ապրանքները կարողանան մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և դուրս գալ այնտեղից:

«ԵՄ առաքելությունը չի կարող վերջ դնել այս անցակետին։ Մենք պարզապես հնարավորություն չունենք: Դա զինված առաքելություն չէ: Առաքելությունը խաղաղ գործընթացի մի մասն է, բայց այն չի փոխարինում դրան։ Միակ լուծումը լինելու է դիվանագիտական: Իսկ եթե լուծում լինի, դա կլինի այն բանակցությունների շրջանակում, որոնք այժմ ընթանում են»,- հայտարարել է հանձնակատարը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։