AM
14 June 2023 - 08:08 AMT

ԵՄ դիվղեկավար․ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, և ԵՄ-ն հույս ունի, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին ու անվտանգային հարցերին։ Նա այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Բորելն ընդգծել է, որ Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման հայտարարություն է արել, գրում է Արմենպրեսը։

«Հույս ունենք, որ հայկական կողմի մեսիջը խթան կհանդիսանա՝ դրական հուն մղելով բանակցային գործընթացը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև բարձր է գնահատել ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում, ինչը, Բորելի խոսքով, կարևոր գործոն է հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։