ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին առնչվող քննարկման ժամանակ, պատասխանելով ԵԽ պատգամավորների հարցերին, ասել է, որ ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։
Նա նշել է, որ Հայաստանի պետական սահմանի երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի ջանքերի կարևոր մասն է կազմում, գրում է Արմենպրեսը։
Բորելն ասել է, որ դիտորդական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հանձնառությամբ օժտված մասնագետներից, որոնք զինված չեն։ Թվով 100 դիտորդներ ունեն երկու տարվա առաքելություն իրականացնելու մանդատ և պետք է նպաստեն իրավիճակի կայունացամանը սահմանների երկայնքով։
Բորելի խոսքով՝ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։
«Եվրոպական առաքելության առավել արդյունավետ գործունեության համար պետք է լինի լրացուցիչ իրավակազմակերպչական հարցերի համարժեք լուծում։ Միջազգային հանրությունն ու ԵՄ-ն հորդորել են Ադրբեջանին հնարավորություն ընձեռել, որպեսզի դիտորդները կարողանան մուտք գործել Լաչինի միջանցք ու լինել այնտեղ տեղակայված անցակետում»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է գործուղվել 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Եվրամիության առաքելությունը Հայաստանում մեկնարկել է փետրվարի 20-ին։