AM
15 June 2023 - 08:49 AMT

Զախարովա․ ԵՄ-ն ուզում է Անդրկովկասը դիմակայության գոտու վերածել, դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն ուզում է Անդրկովկասը դիմակայության գոտու վերածել, դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից։

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոնների ավելացման մասին տեղեկությանը՝ հայտարարելով, որ Բրյուսելի ներկայությունը տարածաշրջանում հենց իր կողմից էլ «պարտադրևվել է», գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաքելության գործարկումը, որի նպատակ է հայտարարվել աջակցությունը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, տեղի է ունենում միակողմանի կարգով, ոչ կոնսենսուսային հիմքով, առանց ադրբեջանական կողմի և մյուս տարածաշրջանային խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության։ Դա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական հենքը, որտեղ հիմնականն Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզի վերածելը, ինչը չի բխում այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերից»,-ասել է Զախարովան։

Ըստ դիվանագետի, ԵՄ առաքելության անհաշվետվողականությունը ամրապնդում է այն կասկածները, որ Բրյուսելը «գաղտնի օրակարգ» ունի տարածաշրջանում, և դա հարցեր է առաջացնում ոչ միայն Մոսկվայի մոտ։

«Ոչ մի «ավելացված արժեք» չկա հայ-ադրբեջանական սահմանի շրջանում ԵՄ «փորձագետների» կասկածելի ակտիվությունից։ Առավել ևս նրանք ունակ չեն ապահովելու անվտանգություն և հրադադարի պահպանման մասին պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել ՌԴ միջնորդության վճռական դերի շնորհիվ։ Տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորը նախկինի պես ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է»,-ասել է նա։

Զախարովան հավելել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Բաքվին և Երևանին տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

«Իրավիճակի զարգացումը հերթական անգամ վկայում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման և ընդհանուր առմամբ Անդրկովկասում իրավիճակի առողջացման առավել կայուն և երկարատև հիմք է հանդիսանում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը»,-ասել է Զախարովան։

ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հայտարարել է առաջիկա ամիսներին 3 օպերատիվ կենտրոն հիմնելու մասին՝ Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում

Քաղաքացիական առաքելությունն (EUMA) իր գոյության առաջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկները անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն։