Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և ամրագրի թղթի վրա այն, ինչ արդեն պաշտոնապես հայտարարել է՝ որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Այդ մասին նա ասել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո։
Ալիևն ասել է նաև, որ տեղեկացրել է Պակիստանի վարչապետին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին և նշել, որ այն հեռանկար ունի, հայտնում է Haqqin.az-ը։
«Եվ այդ համաձայնագրի ստորագրման հեռանկարներ, կարծում եմ, կան»,- ասել է նա։
Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու և երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ աջակցության համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։