ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ Երասխ բնակավայրի մոտ և Տեղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ բացած կրակին՝ ընդգծելով, որ դրանք դատապարտող հստակ գնահատականի բացակայության, Ադրբեջանում պահվող անձանց չվերադարձնելու, ինչպես նաև Հայտարարությունից բխող այլ պայմանավորվածությունները չկատարելու ուղղակի հետևանք են։
Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հումանիտար պահանջներն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու, իրավիճակն էսկալացնելու փորձերի կապակցությամբ։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումը թույլ կտար խուսափել նման դեպքերից։ Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։
Նա նշել է նաև, որ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել է։
«Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում Հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի պահանջները»,- նշել է Աննա Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպման ավարտին վերահաստատել է Հայաստանի առաջնահերթությունը՝ ուղղված մարդասիրական պահանջների կատարմանը և շեշտել, որ այդ պահանջներն առ այսօր Ադրբեջանի կողմից ամբողջությամբ կատարված չեն:
Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։