AM
16 June 2023 - 10:53 AMT

Օվերչուկ․ Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի հարցով

Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Համաժողովն անցնում է հունիսի 14-17-ը։

«ՌԴ-ն մասնակցում է բանակցություններին, առաջարկում է որոշումներ, ապահովում կապը ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև, հարթակ՝ երկխոսության համար։ Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ՝ երբ կողմերը պայմանավորվեն, այն ժամանակ էլ տեղի կունենա»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Օվերչուկն ասել է, որ համաժողովի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է այն հարցերը, որոնք բաց են մնացել Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ժամանակ։

«Հիմնական աշխատանքն ընթանում է մշտական ռեժիմով։ Կապի մեջ ենք կողմերի հետ ապաշրջափակման թեմայով գրեթե ամենօրյա ռեժիմով։ Դա իրոք այդպես է։ Մենք մշտապես շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Միայն հանդիպումից հանդիպում չենք աշխատում»,-ասել է նա։

Հունիսի 2-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

Հունիսի 14-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին՝ քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր: