AM
16 June 2023 - 14:39 AMT

Ամբողջությամբ դադարել են դեղորայքի ու բուժպարագաների սահմանափակ մատակարարումներն Արցախ

Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետով բոլոր հումանիտար բեռնափոխադրումների խափանման պայմաններում, ամբողջությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից:

Արդյունքում, օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Անցակետով արգելվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ): Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«Հունիսի 15-ի առավոտյան ԿԽՄԿ մեքենաները 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխում էին Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը, ինչի հետևանքով մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուների ու հարազատների վերադարձն Արցախ:

Հունիսի 16-ին նախատեսված էր նաև 27 բուժառուների և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուների և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ:

Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: