Ֆրանսիայի ԱԳՆ-ն, անդրադառնալով վերջին օրերին գրանցված միջադեպերին հայ-ադրբեջանական սահմանին, զսպվածության և Երասխի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու կոչ է արել։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում վերջին 48 ժամվա ընթացքում ՀՀ և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում գտնվող Երասխի քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների կապակցությամբ։ Ֆրանսիան զսպվածության, դեէսկալացիայի և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու կոչ է անում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիան վերահաստատել է նաև իր աջակցությունը Լաչինի միջանցքում երթևեկության վերականգնման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք կատարմանը։
Նշվում է, որ Ֆրանսիան կողմ է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատվի` ի շահ տարածաշրջանի քաղաքացիական բնակչության:
«Հունիսի 1-ին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը նշվել է, որ կողմերը ցանկանում են առաջ շարժվել քննարկվող տարբեր հարցերում, որոնց լուծումները պետք է լինեն բացառապես բանակցությունների միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։
ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից բացված կրակին Երասխի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ, հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: