Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարարության մամուլի քարտուղար Ան Քլեր Լեանդրը խեղաթյուրել է իրողությունը տարածաշրջանում, ինչը վկայում է «ֆրանսիայի կանխակալ մոտեցման մասին տարածաշրջանում ընթացիկ իրավիճակին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ֆրանսիային «խոչընդոտներ չստեղծել Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման համար», գրում է Interfax.az-ը։
Ըստ Հաջիզադեի, Ադրբեջանն «ապահովել է Լաչինի պետական սահմանով հարյուրավոր հայ բնակիչների ազատ և անվտանգ երթևեկը երկու ուղղությամբ, սակայն, չնայած այդ ջանքերին ՀՀ կողմից կրակոցների հետևանքով սահմանապահ է վիրավորվել»։
Ըստ ադրբեջանական կողմի, Ֆրանսիան կանխակալ մոտեցում ունի։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն, անդրադառնալով վերջին օրերին գրանցված միջադեպերին հայ-ադրբեջանական սահմանին վերահաստատել է նաև իր աջակցությունը Լաչինի միջանցքում երթևեկության վերականգնման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք կատարմանը։Նշվում է, որ Ֆրանսիան կողմ է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատվի ի շահ տարածաշրջանի քաղաքացիական բնակչության:
Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։